Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Նիկիտա Կ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ինքը եւ նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Պավել Պ.-ն «Մոսկվիչ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից ուղեւորվել են Բուլվարային թաղամաս, սակայն ճանապարհին վարորդը մեքենան վարել է մի անմարդաբնակ վայր, որտեղ իրենց են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը դանակի սպառնալիքով իրեն եւ իր ծառայակցին իջեցնելով ավտոմեքենայից` հափշտակել են յուրաքանչյուրից 10.000-ական ռուբլի եւ երկու բջջային հեռախոս` համապատասխանաբար 83.000 եւ 80.000 դրամ արժողության:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների եւ Շիրակի մարզային վարչության վետերանների խորհրդի կողմից պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Գ.-ն, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն եւ 1995 թ. ծնված Ջոնիկ Մ.-ն:

Անդրանիկ Մ.-ն եւ Ջոնիկ Մ.-ն ձերբակալված են:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ.-ին եւ Ռոբերտ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: