Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալներից Էրհան Թունջելը 38-օր անց հայտնաբերվել է ոստիկանության կողմից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ոստիկանությունը Ստամբուլի Քումբուրգազը թաղամասի առանձնատներից մեկում ձերբակալել է Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից Էրհան Թունջելին։

Էրհան Թունջելը այս տարվա սեպտեմբերի 17-ին էր վերջին անգամ մասնակցել դատավարությանը եւ անհետացել էր։

Նշենք, որ Թուրքիայում վճռաբեկի կողմից  Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին  Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսված դատավարության ժամանակ որոշում է կայացվել  ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։

Այս տարվա մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան: