«Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ԵԽԽՎ-ն կմերժի այդ կառույցում Հայաստանի պատվիրակության նոր կազմը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից իրեն հեռացնելու որոշումը դեռ նախաձեռնություն է եւ այն դեռ պետք է ներկայացվի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին եւ նոր պատվիրակության կազմը դեռ պետք է հավանություն ստանա:

«ԵԽԽՎ-ն կմերժի, որովհետեւ տեղի է ունեցել կանոնակարգի խախտում: Այստեղ ռոտացիան տեղի է ունեցել այնպես, որ ընդդիմությունը փոխարինվել է իշխանությամբ: Սա կոպիտ խախտում է, որովհետեւ հենց բանաձեւում հստակ ասվում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ խորհրդարանում կան երկու մեծ ուժեր ու եթե կան նաեւ թեկուզ փոքր խմբակցություններ, ապա վերջիններս պետք է ունենան ԵԽԽՎ-ում արտահայտվելու հնարավորություն: Հենց դրանով է պայմանավորված բազմակարծության սկզբունքը»,-ասաց Փոստանջյանն ու հավելեց. «Եթե երկու տարի առաջ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը չցանկանային հանդես գալ ժողովրդավար դիրքերից, այս սկզբունքը չէին հարգի եւ շատ մեծ հաջողությամբ ավտորիտար ռեժիմներին բնորոշ կարող էին չներկայացնել որեւէ ընդդիմադիր խմբակցություն եւ կասեին, որ իրենց ընդդիմադիրը ԲՀԿ-ն է»:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահի այս որոշումը խոսքի ազատությանը խոչընդոտելու որոշում է:

«Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը հաջողություն չի ունենալու ԵԽԽՎ-ում եւ լրացուցիչ խնդիրներ է հարուցելու մեր պատվիրակության եւ իշխանության առջեւ»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am