Շվեյցարիայի Վալե կանտոնի Ռանդա գյուղի վրա կախված է մոտ 250 հազար տոննա զանգված ունեցող հսկայական սառցե բեկորը։ Այն դանդաղ սահում է Վայսհորն լեռան լանջով ներքև, իսկ թարմ ձյունը մեծացնում է սառույցից և ձյունից կազմված հզոր ձնահյուսի վտանգը։ Մասնագետները շուրջօրյա հետևում են իրավիճակին։
Վալե կանտոնի բնական վտանգների հարցերով ինժեներ Նորբերտ Կարլենի խոսքով՝ սառցե զանգվածը շարժվում է օրական մինչև 20 սանտիմետր արագությամբ, հայտնում է Bild-ը։ Դեռ օգոստոսին մասնագետները արձանագրել էին սառցադաշտի շարժի կտրուկ արագացում և բարձրացրել վտանգի մակարդակը հնարավոր չորսից երրորդին։
Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում ձյունը, որը կարող է կուտակվել սառցե բեկորից ներքև գտնվող սարահարթում։ Եթե այն փլուզվի, իր հետ կտանի նաև ձյան զանգվածները։ Վատագույն դեպքում դա կհանգեցնի հզոր համակցված ձնահյուսի, որը կկարողանա անցնել ավելի հեռու և ավելի մեծ վնաս հասցնել, քան սառույցի սովորական փլուզումը։
Սակայն փորձագետներն ամենավտանգավոր սցենարը քիչ հավանական են համարում․ դրա համար պետք է միաժամանակ համընկնեն սառցաբեկորի փլուզումը և ձնահյուսի ծայրահեղ բարձր վտանգը։ Բացի դրանից, սառույցը կարող է աստիճանաբար պոկվել, այլ ոչ թե ամբողջությամբ փլվել։




























