Հայաստանի ԱԺ-ում ներկայացված խմբակցություններից հստակ դիրքորոշում են հայտնել Մաքսային միության վերաբերյալ եւ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է դեմ արտահայտվել այդ միությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր գործիչները ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից իրեն հեռացնելու հարցում սատարող հայտարությամբ հանդես չեկան:
«Այսինքն` միայն այս քաղաքական կազմակերպությունն է դեմ Մաքսային միությանը: Մնացած բոլոր ուժերն, ըստ էության, սատարում են Սերժ Սարգսյանի քաղաքականությանը: Սա է խնդիրը, եւ այդ պատճառով բազմակարծության նկատմամբ կա ոտնձգություն այդ քաղաքական ուժերի կողմից: Դրա համար էլ իրենց համար դիրքորոշումը եղել ի նպաստ Հովիկ Աբրահամյանի ցանկությունների»,- պարզաբանեց Զարուհի Փոստանջյանը:
Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե պատվիրակության ձեւավորման նոր կարգը քննարկելիս Լեւոն Զուրաբյանին խոսելու հերթ չի տրվել, Փոստանջյանն արձագանքեց. «Ուրեմն Նաիրա Զոհրաբյանին դիմեք եւ պարզաբանում ստացեք»: Նա միաժամանակ ավելացրեց, որ եթե Լեւոն Զուրաբյանը խոսելու ցանկություն ունենար, խմբակցության անունից կարող էր հարց տալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «168 ժամ» թերթի փոխանցմամբ՝ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակում լեզվակռվի են բռնվել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ` Լեւոն Զուրաբյանը եւ Զարուհի Փոստանջյանը: «Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանց հայտնի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմավորման կարգի փոփոխությունը, որի արդյունքում` «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽ ԽՎ-ում իր ունեցած տեղից:
Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը կատարել է մի փոփոխություն, որի նպատակը եղել է Զարուհի Փոստանջյանին ԵԽ ԽՎ պատվիրակության կազմից հանելը: Զ. Փոստանջյանին զայրացրել է այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որեւէ դիրքորոշում չի արտահայտել այդ առնչությամբ, եւ, որ Հովիկ Աբրահամյանի որոշումը չի որակել` որպես ընդդիմության նկատմամբ խտրականության դրսեւորում:
«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,- մոտավորապես այսպես է ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ խոսել «Ժառանգություն» խմբակցության նորընծա ղեկավար Զ. Փոստանջյանը:
Լեւոն Զուրաբյանը բովանդակային բանավեճի մեջ չի մտել Փոստանջյանի հետ՝ ասելով, որ ինքը «Լյովիկ չէ, այլ Լեւոն Զուրաբյան» եւ խորհուրդ տվել, որ Փոստանջյանն իրեն կոռեկտ պահի»,-գրել է թերթը:





























