Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում կիրականացվի ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորի լուծարում:

Հայաստանի նախագահի մոտ սեպտեմբերի 6-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Արարատյան հարթավայրում ապօրինի շահագործվող խորքային հորերի հարցը:

Խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ անցկացվել էին Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի խորհրդակցություններ: Վերջին արտահերթ քննարկման ժամանակ բնապահպանության նախարարը հանձնարարել էր սեղմ ժամկետում Արմավիրի եւ Արարատի մարզերում անցկացնել խորքային հորերի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ:

Ի կատարումն  վերոհիշյալ հանձնարարականի, սույն  թվականի հոկտեմբերի 25-ին  ժամը 11:00-ին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կիրականացվի խորքային հորի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ: Ակնկալվում է խնդրով շահագրգիռ եւ ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպությունների եւ անհատների ներկայություն: