Սպասելիք կար խանգարելու Հայաստանի գրողների միության համագումարի աշխատանքը, եւ որոշ ընկերներ հարբած, որոշ ընկերներ, տասը տարի Գրողների միության կողքը չերեւացած, հայտնվում են եւ փորձում խանգարել աշխատանքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
ՀԳՄ նախագահն ասաց, որ երկու-երեք վատ արարքը չի նշանակում, թե ժողովուրդը վատ է, «անընդհատ ղժղժում, վժվժում են չբավարարված կապիկի պես, ինչի՞ համար է դա, պետք է հասկանալ, եթե լուրջ հարց է ուզում արծարծել, դա այլ խնդիր է: Ո՞վ է այս մարդը, ի՞նչ է ստեղծել ընդհանրապես, որ եկել է եւ ուզում է համագումար խանգարել»։ Որպեսզի այդ համեմատությունից իր գործընկերները չնեղանան, նա նախ իրեն համեմատեց՝ ասելով, որ երբեմն կարող է ինքն էլ բարկանալ եւ կապկանալ։
Նա նշեց, որ երբ ՀԳՄ նախագահի քվեարկության ձայները հայտարարվել են, առաջինն իրեն շնորհավորել է թեկնածուներից Հովիկ Հովեյանը, որին ինքը շնորհակալ է, իսկ մյուս թեկնածուների՝ Դավիթ Սարգսյանի եւ Ռոմիկ Սարդարյանի հետ բարձրացել են վերեւ, մի բաժակ խմել, շնորհավորել միմյանց։ Նա նշեց, որ համագումարին եղել են նաեւ կառուցողական ելույթներ:
ՀԳՄ նորընտիր նախագահն ասաց, որ բազմաթիվ խնդիրներ ունեն՝ սոցիալականից մինչեւ ստեղծագործական, որը լուծելու են, իսկ ամենակարեւորը գրողի դերի բարձրացումն է հասարակության մեջ։ Նա ակնկալում է ակտիվ համագործակցություն լրատվամիջոցների հետ, համատեղ ծրագրերի իրականացում։ Էդվարդ Միլիտոնյանը շեշտում է, որ «չպետք է այնպես լինի, որ մի հոգին աշխատի, մյուսները՝ գնահատեն, բոլորով պետք է աշխատենք»։ ՀԳՄ նախագահն ասաց, որ իրենք պետությունից մի կոպեկ չեն ստանում, հետեւաբար ի վիճակի չեն 400 գրողի սոցիալական հարցերը լուծել։ «Գրողների միություն ասվածը ոչ թե մի օֆիս է ֆինանսավորված, այլ միավորում է, որն ունի իր աշխատակազմը եւ կազմակերպում է մի շարք միջոցառումներ»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ շեշտելով, որ ակնկալում է ունեւոր մարդկանց աջակցությունը ՀԳՄ-ին։ Առաջնահերթ խնդիրներից նա համարեց նաեւ ՀԳՄ տեխնիկապես վատ վիճակը, ինչը հրատապ լուծում է պահանջում։
Ինչ վերաբերում է կանոնադրության հետ կապված դժգոհություններին՝ կապված սփյուռքահայ գրողների ընտրելու հետ, ՀԳՄ նախագահը հիշեցնում է, որ հենց բողոքողներն էին եկել եւ իրենց մանդատները բարձրացրել կանոնադրությունը ընդունելիս։ «Այդ մարդը այդ օրը ակնոցը աչքերին այլայլված հայտարարում է, թե սփյուռքը չպետք է քվեարկի, բայց սփյուռքահայ գրողները ՀԳՄ անդամ են դարձել, ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Եթե անհրաժեշտ են փոփոխություններ կանոնադրության մեջ, դա պետք է հասունացնել, եւ նոր դնել համագումարի քննարկման»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























