Վարդան Պետրոսյանը, հնարավոր է, այլ Վիրաբուժական բաժին չտեղափոխվի և ապաքինվելուց հետո դուրս գրվի հենց Վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին NEWS.am թղթակցին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։

«Վարդան Պետրոսյանի վիճակը հիմա կայուն է. երեկ կերակրել ենք, մի քանի անգամ քայլեցրել սենյակում: Էն, ինչ որ պետք է արվեր վիրաբուժական բաժանմունքում, անում ենք մեզ մոտ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Մեր հարցին` արդյոք այս կերպ դերասանի անվտանգությունն են ապահովում՝ հաշվի առնելով վթարի հետեւանքով զոհված երկու դեռահասների հարազատների հնչեցրած հաշվեհարդարի սպառնալիքները՝ Մուրադյանը պատասխանեց. «Մեր բաժանմունք ոչ ոք չի կարող մտնել։ Երբ տանենք պալատ, արդեն անվտանգությունն իրենց խնդիրն է, ուզում են, թող ախրանա բերեն, դռների մոտ կանգնեցնեն»։

Բժշկի խոսքով՝ Վերակենդանացման բաժանմունքում դերասանին պահում են առողջական վիճակից ելնելով։ «Եղել են դեպքեր, որ հենց մեր մոտից էլ դուրս ենք գրել: Հասկանում եք` հայտնի դերասան է, հենց տարանք պալատ, անընդհատ գալու են, գնան, խանգարեն: Նոր վիրահատված մարդուն հանգիստ է պետք, իսկ Վարդանի դեպքում մարդկանց հոսքն մեծ է լինելու: Հատկապես այս եղանակին վիրուսները շատ են, ու ամենափոքր վիրուսից էլ կարող է Վարդանը հիվանդանալ»,- ասաց բժիշկը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, երեքի վիճակը ծանր է: