Ոսկետափ գյուղում, հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել գյուղի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Արարատյան թեմի առաջնորդ Տ. Նավասարդ Կճոյանը օծել է եկեղեցու 16 սյուների հիմքերի քարերը, որոնք նախօրոք ջրով ու գինով լվացվել էին:
Նա, դիմելով եկեղեցու շինարարության բարերարներին, հույս է հայտնել, որ կառուցման աշխատանքները չեն ուշանա, եւ ոսկետափցիները շուտով իրենց գյուղի եկեղեցին կունենան:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ հիմնարկեքի արարողության ժամանակ Նավասարդ սրբազանը մասնավորապես ասել է. «Հայ եկեղեցին միշտ եղել է եւ կլինի մեր ազգի ինքնաճանաչման, ինքնաքննման, ինքնամաքրման ու ինքնությունը պահելու հզոր գրավականը: Եկեղեցին արդարոց բնակարան է եւ Երկնային արքայություն տանող ճանապարհ: Հետեւաբար, արթո´ւն կացեք, սիրելի´ ոսկետափցիներ, մաքրե´ք ձեր հոգիները Քրիստոսի հավատքով, քանզի այդ հավատքով ապրեցին եւ նահատակվեցին մեր եկեղեցու սրբերը, Ավարայրի քաջամարտիկները` իրենց աչքի առջեւ ունենալով հետեւյալ կարգախոսը. «Այս հավատքից ոչ ոք կարող է մեզ խախտել` ո´չ հրեշտակները երկնքի եւ ո´չ մարդիկ, ո´չ սուրը, ո´չ հուրը, ո´չ ջուրը եւ ո´չ էլ ամեն տեսակի հարված` որքան էլ որ դառը լինեն այդ բոլորը, չեն կարող խախտել մեր հավատքը»:
Ոսկետափցիներն իրենց գյուղի կյանքում այս կարեւոր իրադարձությունն ավելի նշանավորելու համար տոնախմբություն էին կազմակերպել: Հայկական ուրախ երգ ու պարին միացել էր նաեւ գյուղի «Վասպուրական» պարային խումբը` տարեցների ու երիտասարդների մասնակցությամբ:





























