Այցով Վաշինգթոն ժամանած Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով դադարեցնել անօդաչու թռչող սարքերի հարվածները Պակիստանի տարածքում:

Ըստ նրա՝ 2013թ. հոկտեմբերին Իսլամաբադի քաղաքական գործիչները համազգային կոնֆերանսում  հայտարարել էին, որ «ամերիկացիների կողմից ռազմական անօդաչու թռչող սարքեր օգտագործելը խախտում է երկրի տարածքային ամբողջականությունը», հայտնում է Km.ru-ն՝ վկայակոչելով  BBC-ն:

Պակիստանի տարածքում նման օդանավերի ինը հարձակում ստուգելուց հետո Amnesty International կազմակերպության փորձագետները պարզել էին, որ հարվածների հետեւանքով զոհվել էր տեղի 29 բնակիչ: Իրենց հերթին Human Rights Watch-ի մասնագետները հաշվել էին զոհված 75 խաղաղ բնակիչ՝ 2009-2013թթ. հարձակումների ընթացքում: 

Օբաման եւ Շարիֆը նաեւ քննարկել էին Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների միջեւ լարվածությունը, որն առաջացել էր Քաշմիր շրջանի շուրջ վեճերի հետեւանքով: Օբաման քննադատել էր այդ կոնֆլիկտը եւ նշել, որ երկրների կողմից սպառազինության եւ պայքարի վրա ծախսված միլիարդավոր դոլարները ավելի ձեռնտու կլիներ ներդնել կրթության, առողջապահության եւ սոցիալական ծրագրերի ոլորտում:

ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունները կտրուկ վատացել էին երկու տարի առաջ, երբ ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը սպանել էր «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին՝ Պակիստանի հյուսիս-արեւելքում Աբոթաբադի իր ապաստարանում հատուկ գործողության ժամանակ: Այն ժամանակ Իսլամաբադը զայրացել էր, որ ԱՄՆ-ն կամայական է գործել եւ տեղի կառավարությանը չի զգուշացրել: