Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից է գործազրկությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողներին է հայտնել UNDP ներկայացուցչության ղեկավար եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն: Այդ խնդրի լուծումը պետության գործն է եւ UNDP-ն պատրաստ է լիովին աջակցել Հայաստանին: Նա հավելել է. «Մենք Հայաստանի մարզերում մի շարք ծրագրեր ենք իրականացնում եւ հրավիրում ենք հետեւել դրանց»:

Նրա խոսքով՝ ավելի շատ արդյունավետության համար պարտադիր չէ, որ աջակցությունը ֆինանսական լինի: «Գլխավորը լավ օրինակն է, հաջողության պատմությունները, որոնք օրինակ կհանդիսանան այլ մարդկանց համար եւ իրենց հետեւից կտանեն ընդհանուր զարգացումը: Օրինակ, Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների աջակցության ծրագիր ենք իրականացրել: Սկզբում բոլոր ֆերմերների մոտ չէ, որ բերքը լավն էր լինում: Սակայն նրանք գործի մեջ էներգիա էին ներդնում եւ արդյունքում հաջողության հասան»,-ընդգծել է Բուսետտոն: Հայաստանում UNDP-ի ոչ մեծ անձնակազմն ու բյուջեն չեն խանգարի հետագայում եւս առավելագույն ինքնանվիրումով եւ էֆեկտիվությամբ ծրագրեր իրականացնելուն, հավելել է նա: