Ռուսաստանի եւ ԵՄ-ի դիրքորոշումները Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ սահմանին մաքսային կետ տեղադրելու հարցում փաստացի համընկնում են: Նման եզրակացություն կարելի է հանգել այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Անդրեյ Իվանովի հայտարարությունից:

Անդրադառնալով Հայսստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմանին մաքսակետ տեղադրելու խնդրին, Անդրեյ Իվանովը ասել է հետեւյալը. «Ինձ այդ հարցը տվել են նաեւ ԵՄ-ի մեր գործընկերները: Երեւան այցելության ժամանակ իմ առաջին այցը եղել է ԵՄ գրասենյակ: Նրանք ինձ հարցրեցին՝ «իսկ ի՞նչ եք մտածում մաքսակետի վերաբերյալ»: Ես էլ հարցրեցի, թե իսկ ինչպե՞ս էր ԵՄ-ն պատաստվում լուծել այդ հարցը Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի  ստորագրման դեպքում: Նրանք ասացին, որ ոչ մի խնդիր չեն տեսնում, ինչին ես արձագանքեցի, որ եթե ԵՄ-ն ոչ մի խնդիր չի տեսնում, ապա Ռուսաստանն էլ ոչ մի խնդիր չի տեսնում»:

Ճշտող հարցին, թե չի լինի մաքսակե՞տ, թե՞ չի լինի ոչ մի խնդիր, ռուս դիվանագետը պատասխանեց. «Չի լինի ոչ մի խնդիր»:
Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա Անդրեյ Իվանովը ձեռնպահ մնաց հետագա մեկնաբանություններից: