Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:
Նրան այս անգամ մեղադրանք է առաջադրվել 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խարդախության փորձ): «Հենց որ հասկացան, որ համաներմամբ պետք է կալանքից ազատ արձակեն, ի հայտ եկավ երկրորդ մեղադրանքը, որի դեպքում համաներումը այս պայմաններում չի գործում: Առանձնահատուկ, ուղղորդված վերաբերմունք է իր նկատմամբ՝ պայմանավորված իր ակցիաներով»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ այժմ նախաքննական մարմինը կաշկանդված չի լինի Վոլոդյա Ավետիսյանին համաներմամբ ազատ արձակելուց, այն կարող է
գործել միայն դատարանից վճռից հետո՝ կախված թե ինչ պատիժ կսահմանվի:
Արա Զաքարյանը նշեց նաեւ, որ օրերս Վճռաբեկ դատարան կներկայացնի իր բողոքը՝ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված: Նա նաեւ շեշտեց, որ որեւէ մանրամասներ չեն հաղորդում գործի քննությունից, «առերեսումներ չեն անում, որեւէ բան չեն անում, պահում են պահելու համար, վերեւից դաբրո են ստացել»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»:





























