«Իրատես de facto»-ն արդեն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներին։ Այս մասին գրում էթերթը եւ հավելում. «Տեղի մեր աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդում։  Վերահսկողները քննում են, թե ինչո՞ւ է խախտվել մրցույթներ հայտարարելու կարգը նաեւ քաղաքապետարանի բաժինների պետերին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պարագայում։ Որոշ տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենա գնվել է շուրջ 10000 դոլարով, ինչը համապատասխան փաստաթղթային ձեւակերպում չի ստացել։ Մամուլն արդեն անդրադարձել է, որ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, Չինաստանում եւս բիզնես ունի, ու, նույն աղբյուրի պնդմամբ, հենց իր կազմակերպության միջոցով են քաղաքապետարանի գումարները հասնում չինական ընկերություններին։

Քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատակիցներից շատերը սպասում են, թե երբ է ՎՊ-ն անդրադառնալու աշխատավարձերի «նվազեցման» խնդրին։ Պարզվում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների հիմնարկների մի քանի հարյուր աշխատողների աշխատավարձերը, Սամվել Բալասանյանի հրահանգով, իջեցվել են 20-25 հազար դրամով։ Եթե նախկինում գրադարանավարներից շատերը ստանում էին 65000 դրամ, ապա այժմ 40000 դրամ։ Վերջիններիս մտահոգում է, թե ինչ սկզբունքով է քաղաքապետն իր խորհրդականներին վճարում 205000 դրամ, իսկ դաստիարակի ու գրադարանավարի աշխատավարձն իջեցնում:

Այս տեղեկությունների առնչությամբ դիմեցինք Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, ով հերթական անգամ մեզ նույն պատասխանը տվեց, թե մեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ «Հաստիքացուցակը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, այնուհետեւ հայտարարվել են մրցույթներ, եւ այդ մրցույթներն անցել են աննախադեպ թափանցիկ պայմաններում Գյումրու ԶԼՄ-ների ներկայությամբ»,-ասաց մամուլի խոսնակը։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ այսուհետ Գյումրու քաղաքապետարանին առնչվող ցանկացած նյութ գրելուց հետո կարող ենք առանց Զոհրապ Եգանյանին դիմելու, նրա անունից գրել, որ մեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):