Ոստիկանությունը հրապարակել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին Ապարան-Երեւան ճանապարհին տեղի ունեցած պատահարի զոհերի ինքնությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը եւ 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով ԱԻՆ լրատվական ծառայությունը, հայտնել էր, թե փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 370 LO 64 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վիրավորներին տեղափոխել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն: