Բարձրաստիճան մի խումբ պաշտոնյանների աշխատավարձը բարձրացնելը եւ ՀՀ քաղաքացիների գործազրկության նպաստից զրկելու մասին օրենքը խտրական մոտեցում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Ամփոփելով Աժ քառօրյան՝ նա նշեց, որ այն ուշագրավ էր այն օրենքների նախագծերով, որոնք սոցիալական խնդիրներին էին վերաբերում, մասնավորապես՝ այս քառօրյան այնպես արեց, որ այլեւս ՀՀ մեր քաղաքացիները չեն ստանալու գործազրկության նպաստները եւ քննարկում տեղի ունեցավ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, որը ըստ էության մի քանի անգամ բարձրացնում է պաշտոնյանների աշխատավարձերը, բայց դա չի վերաբերում պետական ծառայության մեջ գտնվող մեր մեծաթիվ քաղաքացիներին։

«Այս օրենքը ուղղակի խտրական օրենք է,  երբ բարձրատսիճան պաշտոնյայի աշխատավարձը, օրինակ՝ պատգամավորների աշխատավարձը կրկնապատկվելու է, պետական աշխատանքի մեջ գտնվող այլ համաքաղաքացիների աշխաավարձը պետք է կրկնապատակվի եւս, նրանք պատգամավորներից ավելի լավ են աշխատել։ Եթե վարչապետի աշխատավարձը ավելի բարձր է լինելու, ապա ինչո՞վ են թերացել պետական ծառայության մեջ գտնվող անձինք, օրինակ՝ մանկավարժները, որոնք աշխատավարձը չի բարձրանալու։

Խտրական մոտեցում է, այսօրվա նախարարական, քաղաքական էլիտան ինքը իր համար ստեղծում է ավելի բարենապաստ, արտոնյալ պայմաններ,մինչդեռ մեր քաղաքացիները գտնվում են վատթար վիճակում»,- ասաց պատգամավորը։

Նա շեշտեց, որ  սա նպաստավոր պայմաններ է ստեղծում միայն վերնախավի համար, շուրջ հազար մարդու համար։

Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝   Աժ-ում գտնվող պատգամավորների համար նույնիսկ ներկա աշխատավարձը՝ 240 շատ է, «պետք չի, որ Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը բարձրացվի, 240 հազար դրամը շատ է կոճակ սեղմելու համար, եթե գալիս են, իրար տեղն են քվեարկում, պետք չէ նրանց  ընդհանրապես աշխատավարձ տալ»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ «պետական բյուջեի տնօրինումը չպետք է տեղի ունենա կամայականորեն, եթե կան ազատ գումարներ, դրանք պետք է տրվեն անապահովներին, ոչ թե պատգամավորը ստանա, նոր տրամադրի որեւէ անապահով խավի, կամ բարեգործություն անի, պատգամավորական գործունեությունը չի ենթադրում բարեգործություն, պետությունը ինքը պետք է ապահովի անապահով խավերին։ ուղղակի անբարոյականաություն է այս պահին խոսել իրենց աշխատավարձերի բարձրացման մասին, երբ մեկ միլիոնից ավել մարդ գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ, կան մարդիկ, ովքեր քաղցած քնում են, իսկ իրենց աշխատավարձը փորձում են բարձրացնել մի քանի անգամ»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am