Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կապ չունի լրատվամիջոցներում հայտնված իր եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի զրույցի սղագրության հայտնվելու հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Փոստանջյանը։
«Պետք է դիմել իրենց՝ Հովիկին եւ Լյովիկին, ես չեմ սղագրել, եթե իրենք են սղագրել, պետք է դիմենք իրենց Հովիկին եւ Լյովիկին, երեւի Հովիկ Աբրահամյանի աշխատակամզում մեկը կա, որ սղագրում է։ Ես ինքս անձամբ չեմ սղագրել, սղագրության որեւէ նյութ չունեմ, որպեսզի տրամադրեմ»,- ասաց նա։
Հարցին, թե դուք ասել եք «Այ Լյովիկ, էլի թռար», պատգամավորը պատասխանեց, որ դիմեք իրենց՝ տեսեք ասել եմ, թե ոչ։
Նշենք, որ ըստ «168 ժմ» թերթի տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանը խորհրդակցության ժամանակ, դիմելով Լեւոն Զուրաբյանին, ասել էր․«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»։ Իսկ երեկ լրատվամիջոցներում տարածվել է ադ խոսակցության սղագրությունը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























