Սա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, Հովիկ Աբրահամյանը կատարողի դերում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իրեն ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու որոշումը։
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանին եւ նրա թիմին դժվարին օրեր են սպասվում, պատգամավորը մեկնաբանեց, որ նկատի ուներ, թե բոլոր ճակատներում պայքարը տանելու են։ «Սա մեզ համար առաջին դեպքը չէ, սա ուղղակի մեր աշխատանքային գործունեության հետ կապված մի դրվագ է, սպասելի էր, որ այդպիսի վարքագիծ պետք է դրսեւորվի, քայլերը ունենալու են իրենց հետեւանքները,արդեն իմ կողմից նախաձեռնված է բողոքարկման գործընթացը, այս պահի դրությամբ պաշտոնական ոչինչ չկա, դեռ թուղթ չեն ներկայացրել ԵԽԽՎ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Անդրադառնալով կազինոներ այցելելու վերաբերյալ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցից հետո Սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանի իր հասցեին հնչեցրած սպառնալիքներին՝ պատգամավորը նշեց, որ հանցագործության մասին հաղորդում է տվել ՀՔԾ-ում, պահանջելու է, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ սպառնալիքներ հնչեցրած անձը վերցվի կալանքի տակ։
Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ նաեւ շաբաթվա ընթացքում իրենց խմբակցությունում տեղի ունեցած գործընթացներին։ Նա նշեց, որ որեւէ տարօրինակ բան տեղի չի ունեցել, Ռուբեն Հակոբյանի խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելը կապ չունի իր գործունեության հետ, «ունեցել են երեք խմբակցության ղեկավար, փորձում ենք այնպիսի գործունեություն ծավալել, որը ի նպաստ կլինի թե «Ժառանգության», թե հասարակության համար, Ռուբիկ Հակոբյանը իմ ավագ ընկերն է, ունենք պայմանավորվածություն, որ ամեն ձեւով աջակցելու է, որպեսզի այս պատասխանատվությունը հնարավորինս կարողանամ իրականցնել»։





























