Հայ հեղափոխական դանակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկանում գնահատական տալ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ կատարվածին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։
«Այս պարագայում հայրեր-որդիներ հարաբերություններին որեւէ կուսակցական գնահատական տալը ճիշտ չեմ համարում, ամեն մեկը ինքն է որոշում իր անելիքը, սա բարոյական, հոգեբանական հարթության վրա գտնվող դրվագ է»,- ասաց նա՝ վերհիշելով նախկին դեպքերը։
Աղվան Վարդանյանը շեշտեց, որ «սա ուղղակի պարոն նախարարի անձնական դժվար որոշման խնդիրն է զուտ բարոյական հարթության վրա, հասարակությունը կարող է դատել իր որոշման մասին»։ Հրաժարական կտար այս պարագայում դաշնակցական նախարարը, թե ոչ, նա շեշտեց, որ նման բան դաշնակցական նախարարների հետ չի եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, օրեր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել էին տեղեկությունը:





























