«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի ցանկանում անդրադառնալ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի «հակամարտությանը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը։
«Ես այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետեւ այդ հարցի շուրջ գրեթե չկա մի այնպիսի անկյուն, որը պարզաբանված չլինի, եկեք փակենք այդ հարցը, քաղաքական դաշտում որպես թիմի ղեկավարներ բնականաբար համագործակցել են եւ համագործակցելու են, աշխատելու են»,- ասաց նա։
Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի՝ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչեցված քննադատությանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ զարմանում է, որ նախագահի թեկնածու առաջադրված անձը դարձել է էժանագին մեկնաբանություններ գրող, «ցավում եմ նաեւ, որ մարդը առաջադրվել է նախագահի թկենածու։ ընդհանրապես դիմացինին քննադատելուց առաջ ամեն մեկը նախ պետք է տեսնի, թե ինքը ով է, ինչպիսի ճանապարհ է անցել, կշիռը թույլ է տալիս, որ ինքը քննադատի, թե ոչ»։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՕԵԿ-ը նայում է իր անցած ճանապարհին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ ՕԵԿ-ը լուրջ քաղաքական ուժ է, ունի լրագրողի տարիքի կենսագրություն։





























