Ինձ համար անընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ մեկը իրեն իրավունք է վերապահում հայտարարել՝ ով է ընդդիմադիր, ով ոչ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝  անդրադառնալով ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ գործիչների հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

«Թող նախ նայեն իրենց խմբակցությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Արծվիկ Մինասյանին՝ ցույց տալու համար, որ պոպուլիստական գործիչ չէ, լուրջ գործիչ է:

Աղվան Վարդանյանի խոսքով՝  այն որ ՀՅԴ-ն ընդդիմություն է, սկզբունքային ընդդիմություն է, սրանում ով կասկածում է, միշտ կասկածում է, իրենք խնդիր չունեն: «Երբ որեւէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին՝ եւ իր նախկին ամենամոտիկ շրջապատին, եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը, միշտ էլ վտանգ կա, որ կարող է չարաչար սխալվել: իմ խորին համոզմամբ, գնահատելով պարոն Փաշինյանի պատգամավորական գործունեությունը, սա հենց այդ դեպքերից է: Իմ խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչով կոչված են զբաղվել, չփորձել իրեն արդարացնել ուրիշների վրա քար նետելով: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործն անում ենք եւ Նիկոլ Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ»,- ընդգծեց նա:

Խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին՝  խմբակցության քարտուղարն ասաց, որ սա առաջին քայլն է, թերություններ ու սխալներ կան նախագծում: Կառավարությունը դեռեւս պետք է հիմնավորի իր տեսակետները, իսկ ընդհանուր առմամբ ՀՅԴ-ն կողմ է այս նախագծին: «Սա Դաշնակցության շուրջ տաս տարվա ծրագրային դրույթներից է: Մենք տարիներ շարունակ ունեցել ենք մի խառնաշփոթ, խառնափնթոր համակարգ, որտեղ որեւէ չափանիշ դրված չէ: Վաղուց ժամանակն էր սա անելու»,- ասաց նա: Աղվան Վարդանյանը նկատեց, որ վերջին վեց տարիներին պետական համակարգում աշխատավարձերի ոչ մի լումա բարձրացում տեղի չունեցել: Նա նշեց, որ կողքից նայելն ու դատողություններ անելը շատ քիչ է, պետք է գնալ ու խոսել քաղծառայողների հետ: «Երբ օգոտսոսի վերջին նախագահը հայտարարեց, որ քաղծառայողների աշխատավարձերը բարձրանալու է, այդ մարդիկ վեց տարվա մեջ առաջին անգամ շունչ քաշեցին: Հետո հուսախաբություն եղավ, որ հուլիսի մեկից է բարձրանալու»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք ՀՅԴ-ն չի կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյաների ու սովորական աշխատողների աշխատավարձերի բարձրացման միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Սար ու ձոր չէ՞ր, աբսուրդ չէ՞ր, որ հանրապետության նախագահը ստանում էր 400 հազար աշխատավարձ, իսկ դատավորն ու դատախազը մեկ միլիոնից ավելի: Մենք ինչո՞ւ չենք ուզում բերել մի դաշտ, ըստ այդ դաշտի նայել»: Երբ լրագրողներից մեկը նկատեց, որ Սերժ Սարգսյանն իր աշխատավարձով չի ապրում, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Իսկ դուք կարծում եք, որ մենք պիտի այդպես շարունակե՞նք, որ հավերժ պիտի լինի այնպես, որ նախագահը, ԱԺ պատգամավորն այդ աշխատավարձով չապրե՞ն»:

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը կառավարության՝ աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը քննադատողներին անվանել էր պոպոլիստական քայլ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am