Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալներից Էրհան Թունջելը 38-օր անց ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո դատարանում հայտարարել է, թե ինքը իր ձերբակալման վճռի օրը զանգահարել է ժանդարմերիա եւ ցանկացել հանձնվել, սակայն հրաժարվել են իրեն ձերբակալել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  ձերբակալվելուց հետո դատարան տեղափոխված Էրհան Թունջելը հայտարարել է, թե զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով եւ ամսական ունի 15 հազար լիրա եկամուտ։ Նա նշել է, թե իր հասցեն էլ այն առանձնատունն է, որտեղից որ իրեն բերման են ենթարկել ոստիկանները։

Թունջելը պատմել է, թե երբ իմացել է, որ դատարանն իր նկատմամաբ կալանման որոշում է կայացրել՝ զանգահարել է ժանդարմերիա՝ ասելով, որ ցանկանում է հանձնվել, սակայն ժանդարմերիան հրաժարվել է ձերբակալել՝ ասելով, թե այդ տարածքի պատասխանատուն ոստիկանությանն է։ «Ես էլ հրաժարվեցի հանձնվել ոստիկանությանը մինչեւ կգրեի իմ պաշտպանական ճառը»,-ասել է Թունջելը։

Նշենք, որ Թուրքիայում վճռաբեկի կողմից  Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին  Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսված դատավարության ժամանակ որոշում է կայացվել  ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։

Այս տարվա մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան, որտեղ Էրհան Թունջելի նկատմամբ կալանման որոշում էր կայացվել, սակայն վերջինս անհետացել էր։