Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ-սենատոր Ժան Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոլան Բլումը, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 եւ 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոն: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նախարարը ողջունել է ներկաներին եւ իր գոհունակությունը հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաեւ Ֆրանսիայում ապրող հայերի՝ Ֆրանսիայի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման վերաբերյալ օրենքների նախագծերին ուղղված աշխատանքներին առնչվող հարցեր:
Ժան Կլոդ Գոդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Մարսելում ապրում են 80 հազար հայեր, ովքեր համախմբված են եւ աշխատասեր: Նրանք ամեն ինչ անում են Հայաստանի եւ Ֆրանսիայի զարգացման եւ առաջընթացի, ինչպես նաեւ ջերմ բարեկամության համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հայերը կարեւոր դերակատարում ունեն Ֆրանսիայի տնտեսության մեջ: Հայերի հետ համագործակցության արդյունքում բացվել է Համազգային դպրոցը, որը դրական ընդունելություն գտավ ֆրանսիական միջավայրում: Ներկայումս դպրոցն ունի 320 աշակերտ, որոնք բոլորն էլ ունեն բարձր առաջադիմություն:
Հանդիպման ավարտին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը ՀՀ սփյուռքի նախարարին պարգեւատրել է Մարսելի շքանշանով:





























