Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեմ չէ, որպեսզի ՄԱԿ փորձագետներն այցելեն իր տարածք՝ վերջնական որոշում կայացնելու ու Բաքվի կողմից մեղադրանքները ժխտելու համար՝ առ այն, որ ԼՂՀ-ն օգտագործվում է թմրանյութերի տարանցման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի տարօրինակ արձագանքը Հայաստանի առաջարկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը նախաձեռնություն էր ներկայացրել ՄԱԿ փորձագետների ԼՂՀ այցի վերաբերյալ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքների:

«Ադրբեջանի սիրելի զրպարտություններից մեկը «թմրանյութերի տարանցման» մեղադրանքն է»,- նշել է Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ ԼՂՀ-ն դեմ չէ Հայաստանի ներկայացրած առաջարկին. «Դա մեր շահերից է բխում»: Խոսելով Բաքվի բացասական արձագանքի մասին, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ եթե Ադրբեջանն այդքան հետաքրքված է հարցով, ապա ինչու իրենք հանդես չեն եկել նմանատիպ առաջարկով, այժմ էլ դժգոհում են: «Քանի որ այդ առթիվ Բաքվի հայտարարությունները սուտ են: Քանի որ ՄԱԿ-ի փորձագետների այցը կոչնչացնի Ադրբեջանի սուտ քարոզչությունը: Նախ, ՄԱԿ առաքելությունը կպարզի թմրամիջոցների տարանցման ալիքի բացակայությունը: Երկրորդ, սա ԼՂՀ ու ՄԱԿ միջեւ թեեւ անուղղակի, բայց կապ է, ինչն Ադրբեջանը չի կարող թույլ տալ: Երրորդ, ՄԱԿ փորձագետները կտեսնեն, որ ԼՂՆ զարգանում է ու զարգանում է ժողովրդավարության բոլոր նորմերին համապատասխան»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Այս առթիվ նա նշել է, որ «ստի ոտքը կարճ է», ու մի լավ օր ճշմարտությունը կհաղթանակի: Իսկ մինչ այդ այս ուղղությամբ իր դիվանագիտության վախճանը կանխազգացող Ադրբեջանը անհեթեթ քայլեր է ձեռնարկում, որոնք հակասական են ու անհիմն: «Հայկական ասացվածքն ասում է. «Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»,- այսպես բնութագրեց Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործադրած ջանքերը:

Միջազգային փորձագետների տվյալները վկայում են, որ թմրանյութերի օգտագործման տեսակետից Ադրբեջանը առաջին դիրքերում է: Սակայն, սեփական խնդիրները մի կողմ թողած, նա զբաղված է սեւ PR-ով:

Նշենք նաեւ, որ վերջերս Հայաստան այցելած ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորոտնիկովը արձանագրել էր ԼՂՀ տարածքով թմրանյութերի տարանցման վերաբերյալ որեւէ հաստատող տվյալի բացակայություն: