Բերդ-Իջեւան ճանապարհին մեքենաների վրա հակառակորդի կրակոցներից տուժած երեք զինծառայողներին տեղափոխել են Երեւանում գտնվող զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ զինծառայողներին վիրահատել են՝ հանելով գնդակը եւ դրանց մասնիկները: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանց վիճակը այժմ նորմալ է, կյանքներին վտանգ չի սպառնում, հավանաբար շաբաթների ընթացքում դուրս կգրվեն հիվանդանոցից: Ի դեպ, մամուլի քարտուղարը տեսակցել էր զինծառայողներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) եւ Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով (սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 13-րդ կետերի հատկանիշներով (սպանության փորձ երկու կամ ավելի անձնաց նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):





























