Հայաստանն իր անդամակցումն այս կամ այն կառույցին չի պայմանավորում Ադրբեջանի հետ հարաբերություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:
Շարմազանովի խոսքով՝ Հայաստանն իր ինտեգրացիոն գործընթացները, այդ թվում Մաքսային միությանն անդամակցությունը, չի պայմանավորում Ադրբեջանի հետ հարաբերություններով: «Առավել եւս, որ Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում եւ հայատյացություն եւ ապակայություն սերմանում»,-ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Մաքսային միության անդամ-երկրները դրական են գնահատում ՄՄ-ին անդամագրվելու Հայաստանի ցանկությունը եւ կողմ են դրան: «Արդեն համապատասխան ճանապարհային քարտեզ, գործողությունների ծրագիր է մշակվում եւ մինչեւ դեկտեմբեր այդ հարցում պարզություն կլինի»,-ամփոփեց Շարմազանովը:





























