7 տարվա ընթացքում «Մեր Տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունից, որտեղ չափահաս տարիքից հետո մանկատան աղջիկ սաներն են ապրում եւ սովորում, 23 շահառուից 11-ն արդեն ամուսնացել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեր Տունը» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը:
Նրա խոսքով ՝ փեսացուների հոսքն իրենց կենտրոնում չի դադարում, սակայն հազարից մեկին է բախտ վիճակվում հաստատությունից հարս տանել, քանի որ պայմանները խիստ են: «Նախ ես եմ տղաների հետ խոսում, հետո եթե տեսնում եմ արժանի են, ծանոթանում են աղջիկների հետ: Բայց նրանց քննությունն այդքանով չի ավարտվում: Հետո առանձին իրենց բնակավայրերից շրջապատից հետաքրքրվում ենք, թե ինչպիսին են եւ ինչ ընտանիքից, նոր ընդհանուր որոշում ենք նրանց շփումը շարունակվի, թե՝ ոչ»,- նշեց Տիգրանուհի Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենց աղջիկների ձեռքը խնդրող տղաները հիմնականում կայացած անհատներ են եւ բերեց ամենաթարմ օրինակներից մեկը. «Այս շաբաթ շատ խելոք լավ տղա եկավ, որը շախմատի ուսուցիչ էր: Ասաց, որ ընկերոջ կինն էլ է մանկատնից եւ հիացած է, թե նա ինչպես է նվիրված ընտանիքին եւ որոշել է մանկատան աղջկա հետ ամուսնանալ: Հենց սկզբից ասաց, թե «սիրուն աղջիկ եմ ուզում», ես էլ ասացի. «Տղա ջան դու քեզ նայե՞լ ես, դու սիրո՞ւն ես, որ նման պահանջներ ես դնում»: Ես աղջիկների հետ խորհրդակցեցի եւ նրանք չցանկացան նրա հետ ընկերություն անել: Այսօր արդեն կասենք չէ: Չի ասում, թե խելոք, հասկացող, միանգամից ասում է սիրուն: Մեր աղջիկները իրենց գեղեցկությամբ ոչնչով չեն զիջում, բայց որոշեցին մերժել»,- նշեց Տիգրանուհի Կարապետյանը:
Նա պատմեց, որ անգամ արտասահմանից են զանգեր ստանում՝ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, որոնք իրենից աղջիկների ձեռքն են խնդրում: «Բայց արտերկիր հազվադեպ դեպքերում ենք ամուսնացնում, քանի որ հեռու է եւ մեր աչքից հեռու, իսկ այստեղ միշտ նրանց հետ կապը պահում ենք: Բայց Կրասնոդարում ամուսնացրած սան ունենք, ում ամուսինը մեր ամենալավ փեսաներից մեկն է»,- ավելացրեց հաստատության ղեկավարն ու հավելեց, որ տղաները շատ հաճախ մերժում ստանալուց հետո ծայրահեղ քայլերի են դիմում:
«Ես ԱՄՆ-ից նոր եմ վերադարձել, մի տղա է հայտնվել, ով մեծ-մեծ ջանքեր է գործադրել աղջկա սիրտը նվաճելու համար , բայց շատ կարճ ժամանակում հիասթափեցրել է: Գիշերը ժամը 5-ին 101 հատ վարդ էր բերել եւ մեր հաստատության փողոցով վարդի թերթիկներով զարդարել, փափուկ խաղալիք դրել մուտքի մոտ: Անգամ հարեւանը տեսնելով ու խղճալով, գիշերը տարել իրենց տուն թեյ էր տվել: Առավոտյան աղջիկը վարդերը տեսել ուրախացել է, բայց մերժել է՝ ասելով, որ մինչեւ ես ԱՄՆ-ից չվերադառնամ, ինձ հետ չխոսի, չի կարող պատասխան տալ: Բայց այդ տղան օրեր անց ինքնասպանության փորձ է ցանկացել կատարել ու աղջիկը առանց ինձ հետ խոսելու արդեն որոշել է հետ կանգնել նրանից»,- պատմեց Տիգրանուհի Կարապետյանը:
Ի դեպ, նա նաեւ նշեց՝ քանի որ մանկատների շրջանավարտները այս տարի քիչ են, հիմա փորձում են ընդգրկել նաեւ նրանց, որոնց տատիկ պապիկները կամ այլ հարազատներն են պահում: «Օրինակ, մանկատան սաների 80 տոկոսը որբ չեն: Այնինչ` իրականում երկկողմանի ծնողազուրկները մեր աջակցության կարիքը ավելի ունեն»,- հիմնավորեց Տիգրանուհի Կարապետյանը:





























