Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող ԿԳՆ պատշգամբից ցած նետված բնապահպանության նախարարության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի հայրը պահանջում է, որ իրեն տեղյակ պահեն որդու գործով կատարվող քննության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ հիմա ոչ մի իրավապահ իր մոտ չի գնացել եւ չի ասել, թե գործը ինչ փուլում է: «Ոչ գիտեմ ինչ հոդվածի շրջանակներում է նախաքննություն իրականացվում, ոչ էլ՝ թե գործը ինչ փուլում է: Անորոշության մեջ եմ: Չեմ հասկանում, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ տղաս առավոտը գնացել է աշխատանքի ու էլ տուն չի վերադարձել, այն դեպքում, երբ ապագայի հետ կապված մի շարք ծրագրեր ուներ: Մի քանի օր առաջ լսեցի, որ մեկն իրեն Կիեւյան կամրջից նետել էր եւ գրություն թողել, թե. «Մամ ջան, այդպես էր պետք», բայց իմ տղան դեպքից կես ժամ առաջ մոր հետ խոսել է եւ ոչ մի ակնարկ: Ընդհակառակը շատ լավ ուրախ խոսում էր ու լսում ենք, թե Հայկը իրեն ցած է նետել: Հիմա ծնող եմ, ուզում եմ հասկանալ, թե ինչն էր պատճառը 22 տարի պահեցինք, որ այսպես անիմաստ մահ գրանցվի»,- նշեց տղայի հայրը եւ ավելացրեց, որ տղայի մոտ ոչ մի տարօրինակ վարք չեն նկատել:
Հայկի ամենամոտ ընկերն էլ` Սամվելը, NEWS.am-ի հետ զրույցում չցանկացավ Հայկի վերջին օրերի վարքի եւ պահվածքի մասին խոսել՝ պատճառաբանելով, թե քննություն է իրականացվում: «Ես չեմ պատրաստվում այդ թեմայով ինչ-որ բան խոսել քննություն է գնում: Ես իրա կողքը չեմ եղել եւ չգիտեմ, թե ինչ է եղել եւ գուշակ չեմ, որ գուշակեմ ինքնասպանություն է եղել, թե՝ ոչ»,- նշեց ընկերը: Հարցին, թե վերջին օրերին Հայկը մտահոգվա՞ծ է եղել, նա արձագանքեց. «Բոլորն էլ մտահոգված լինում են»:
Ոստիկանությունից էլ տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը նշել էր, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել, անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանա, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշել էր Հայկի հայրը եւ ավելացրել, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել:
Հիշեցնենք, որ կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից նետվել է 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով բնապահպանության նախարարության աշխատակից էր: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն էլ ասել էր, որ Հայկը նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր, ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս էր եկել աշխատասենյակից եւ տեղի էր ունեցել դեպքը: «Պարտաճանաչ աշխատակից է եղել, կոլեկտիվի կողմից սիրված, կոլեկտիվին նվիրված»,- ասել էր մամուլի քարտուղարը` հավելելով, որ աշխատակիցները նրա մոտ որեւէ կասկածելի բան չեն նկատել:





























