Այսօր իրավապահներին է ներկայացել մարտի 1-ի դեպքերով հետախուզման մեջ գտնվող Համլետ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում): Համլետ Հովհաննիսյանը Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է, ազատամարտիկ, գնդապետ, Կալանավայրերի վարչության նախկին պետ: Հովհաննիսյանը ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ: Մալաթիայի բաժնից Համլետ Հովհաննիսյանին ժամը 16.30-ի սահմաններում տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ առաջիկա օրերին դատարանում քննվելու է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը:

Համլետ Հովհաննիսյանի որդին եւ փաստաբանը՝ Գիվի Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ որեւէ ակնկալիք չունեն, թե Հովհաննիսյանի խափանման միջոցը կալանքը չի լինի: «Բաց չեն թողնելու: Իրենց որ մնա, ավելի կծանրացնեն»,- նշեց փաստաբանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Համլետ Հովհաննիսյանի մյուս որդին՝ Գագիկ Հովհաննիսյանը ձերբակալվել եւ ազատազրկման էր դատապարտվել, քանի որ, իբր, հանդիսանալով «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը, ծեծի էր ենթարկել մի կալանավորի: Գագիկ Հովհաննիսյանը ազատ է արձակվել համաներման որոշման արդյունքում: