Ստրասբուրգում, հոկտեմբերի 29-31-ին, կգումարվի ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանը, որի օրակարգում է նաեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրության մասին զեկույցը:
Այս տարի նստաշրջանի գլխավոր թեման է. «Եվրոպան ճգնաժամում. տեղական եւ տարածաշրջանային ժողովրդավարության մարտահրավերները», որի ընթացքում մասնակիցները կկենտրոնանան, մասնավորապես, սոցիալական համախմբախության ոլորտում տնտեսական ճգնաժամի տեղական եւ տարածաշրջանային հնարավոր արձագանքների վրա:
ԵԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տեղական եւ տարածքային իշխանությունների արձագանքը տնտեսական ճգնաժամին» թեմայով հատուկ քննարկումներից բացի, կլինեն քննարկումներ նաեւ Եվրոպական տեղական մարմիններում ներգաղթյալների ձեռներեցությունը խթանելու, տարածաշրջանային աշխատանքային շուկաներում ներգաղթյալներին ներգրավելու վերաբերյալ:
Նստաշրջանի ընթացքում տեղի կունենա ԵԽ բոլոր 47 երկրներն ընդգրկող Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային նվիրված հանդիսավոր արարողություն: Այս միջազգային պայմանագիրը Եվրոպայում տեղական ժողովրդավարության վիճակի մոնիտորինգի բնագավառում Կոնգրեսի գործունեության հիմքն է:
Օրակարգային հարցերի թվում են նաեւ Ալբանիային, Հունգարիային, Դանիային, Իռլանդիային եւ Ուկրաինային վերաբերող մոնիտորինգի, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության տեղական ընտրությունների մասին զեկույցները:
Կոնգրեսի անդամները կքննարկեն նաեւ Եվրոպայում արդյունավետ անդրսահմանային համագործակցության հեռանկարները, Եվրոպայում մարզերի եւ տարածքների հատուկ կարգավիճակ տալուն, տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում քաղաքական ծայրահեղական պայքարին վերաբերող խնդիրներ:
Նիստին ներկա կլինի Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:





























