Գլխի աննշան վնասվածքները կարող են ծանր եւ անսպասելի հետեւանքներ ունենալ: Նման եզրակացության են եկել ամերիկացի փորձագետները: Մասնավորապես, գլխի վնասվածքից հետո երեխաների մոտ հաճախ է դեպրեսիա առաջանում, գրում է Meddaily.ru-ն՝ վկայակոչելով Actual News-ը:
Հետազոտողներն ուսումնասիրել են գլխուղեղի վնասվածք ունեցող երկու հազար երեխաների եւ երկու հազար մեծահասակների բժշկական քարտերը: Արդյունքում պարզվել է, որ դեպրեսիա առկա է երեխաների 4, մեծահասակների՝ 15 տոկոսի մոտ:
Մասնագետները կարծում են, որ վերջին տարիներին դեպրեսիա հաճախ է ախտորոշվում երեխաների մոտ: Այսպես՝ 2007-ին դեպրեսիա գրանցվել է երեխաների 1,5 տոկոսի մոտ, այս տարի՝ չորս: Դրա առաջացման հիմնական գործոններն ընտանիքում եւ դպրոցում տիրող մթնոլորտն է:
Որոշ հետազոտողներ էլ կարծում են, որ ամենավտանգավորը դեռահասության շրջանում ստացված գլխուղեղային վնասվածքներն են, որոնք անդրադառնում են նաեւ հիշողության վրա:




























