2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակաին նոր համակարգի ներդրման հետ կապված բանավեճերը շարունակվում են: NEWS.am-ի խմբագրություն են դիմել ՏՏ ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ՝ արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանի հայտարարություններին:
Ստորեւ ներկայացնում ենք ՏՏ ներկայացուցիչների նամակը.
«Կո՛չ Վարդան Արամյանին` երկնքից վայրէջք կատարել մեր դառը իրականություն
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին www.news.am կայքում հրապարակվել է «Դա այն խավը չի, որ պետք է բողոքի սոցիալական վիճակից. Վարդան Արամյանը՝ կենսաթոշակային նոր համակարգից բողոքողների մասին» վերտառությամբ հոդվածը: Ծաղկաձորում՝ կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարում, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանի արտահայտած որոշ մտքերի վերաբերյալ ցանկանում ենք պարզաբանել՝
• Ըստ հոդվածի Վ. Արամյանի առանցքային մտքերից մեկն եղել է այն, որ ՏՏ ոլորտի դժգոհ ներկայացուցիչները հրավիրվել են սեմինարի, սակայն հրավերը չեն ընդունել: Սա բացահայտ կեղծիք է: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կապվել են սեմինարի կազմակերպիչների հետ՝ ճշտելու սեմինարի կազմակերպման ձեւաչափը ու տեղեկացվել են, որ այն ունի լրագրողներին իրազեկելու նպատակ: Մենք լրագրող չենք, նաեւ արդեն իսկ իրազեկված ենք եղել նոր օրենքի մանրամասներից USAID-ի կողմից կազմակերպված սեմինարների ընթացքում: Մեզ որեւէ մեկը չի հրավիրել Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարին քննարկումների կամ բանավեճերի մասնակցելու: Ինչ վերաբերում է առհասարակ իրազեկմանը, ցավով, պետք է նշենք, որ դա արդիական խնդիր է, քանի որ բազմաթիվ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ հունվարի 1-ից փաստացի զուտ աշխատավարձերը նվազելու են: Ավելին, անգամ կան մարդիկ, որոնք հեռուստագովազդներից տպավորություն են ստացել, թե պետությունը իրենց աշխատավարձերը բարձրացնելու է 5% -ով:
• Ըստ Վարդան Արամյանի վերջին 20 տարում Հայաստանի բանկային համակարգում ոչ մի ավանդ չի կորել, ֆինանսական համակարգը վստահելի է, ու պետք է նաեւ վստահել կենսաթոշակային ֆոնդերին: Ըստ էության պարոն Արամյանը մոռացել է, թե ինչ էր կատարվում 1990-ական թթ. բանկային ոլորտում, ինչպես էին բանկերը բարձր տոկոսադրույքներով ավանդներ ներգրավում եւ ապա անհետանում: Երեւի անհրաժեշտ է հիշեցնել ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի 17.11.2011-ին «ԱՌԿԱ» գործակալությանը տրված հարցազրույցի հետեւյալ հատվածը «Այն տարիներին մենք ավելի քան 70 բանկ ենք ունեցել, այժմ մնացել է 21-ը: Լուծարման ենթարկված բոլոր բանկերից այժմ լուծարման փուլում են Արդշինբանկը, Լենդբանկը, Կրեդիտ Երեւան Բանկը, Միացյալ բանկը, Հայաստան Բանկը եւ Արմավիաբանկը»,- ասաց Գաբրիելյանը»: Ըստ նախարարի՝ «Լենդբանկի նկատմամբ 7 մլն դրամի պահանջ է ներկայացնում մեկ ֆիզիկական անձ: Կրեդիտ Երեւան Բանկին պահանջներ է ներկայացնում 82 ֆիզիկական անձ, ովքեր ընթացիկ հաշիվներ ունեն: Միացյալ բանկում պահանջատերեր է միայն երկու ֆիզիկական անձ»: Հետեւաբար ֆինանսական համակարգի վստահելիության մասի խոսքերը մեղմ ասած չափազանցություն են:
• Կենսաթոշակային ֆոնդերին վստահել - չվստահելու մասով ըստ էության հարկ է հիշեցնել սոցիալական քարտերի ներդրումը ՀՀ-ում, խոստումները, թե այն միտված է լինելու մեր բարձր կենսաթոշակ ստանալուն: Այժմ, սակայն, պարզվում է, որ մեր հարազատ պետությունը հերթական անգամ ստել է, հերթական անգամ զրոյացվում է մեր մուծումները եւ ամեն բան սկսում ենք նորից: Հարկ կա արդյոք հիշեցնել Ձեզ այդ նույն ոլորտի բարձրաստիճան անձանց ձերբակալությունները... Այդ ինչպե՞ս, հանուն ո՞ր ձեռքբերման պետք է մենք վստահենք Ձեր մատնանշած ոլորտին:
• «Այդ 5% մասհանումը ձեր փողն է, դա հարկ չէ: Ինչ որ հիմա անում ենք, այսօրվա համար չենք անում, ապագային միտված ենք անում»,- հայտարարել է Վ. Արամյանը: Մենք՝ գոնե ՏՏ ոլորտի ներկայացուցիչներս տեղյակ ենք, որ դա հարկ չէ, որ դա մեր գումարներն են: Նաեւ այդ պատճառով էլ համարում ենք, որ մենք սահմանադրական իրավունք ունենք տնօրինելու մեր վաստակը՝ ըստ մեր հայեցողության՝ կամավոր սկզբունքով: Մենք գիտակցում ենք, որ օրենքը միտում ունի բարեկեցություն ապահովելու ապագայում, այդ պատճառով էլ դեմ ենք ոչ թե օրենքին, այլ նրա «պարտադիր» բաղադրիչին, որովհետեւ քաղաքացիները, կլինի դա ՏՏ, աուդիտորական, թե էներգետիկայի ոլորտից, ներկայումս սոցիալական լուրջ խնդիրներ են լուծում, ինչպես ՀՀ-ում ապրել փորձող ցանկացած այլ անհատ: Մենք կառավարությունից եւ օրենսդիրից ակնկալում ենք վերանայել «պարտադիր» բաղադրիչի կիառումը՝ դիտարկելով այն ժամանակավրեպ: Մեզ համար, ինչպես նաեւ հազարավոր այլ քաղաքացիների համար այսօր արդիական են կոմունալ վարձերը, բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները, ընդհանրապես ՀՀ-ում ապրելը, ոչ թե 30 տարի անց ստանալիք այսպես կոչված բարձր կենսաթոշակը: Կոչ ենք անում Ձեզ երկնքից վայրեջք կատարել մեր դառը իրականություն:
• Ընդհանրապես օրենքները պետք է հավասար պայմաններ ստեղծեն բոլոր քաղաքացիների համար: Մինչդեռ ներկայումս այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձերը կազմում են մինչեւ 500 հազ. դրամ, նոր օրենքով դուք եւ պետությունը վճարում եք 5-ական տոկոս: Իսկ եթե ավելի եք վաստակում, ապա վճարում եք 10%-ի չափով՝ հանած պետության կողմից վճարվող 25000-ը: Ո՞ւր մնաց հավասարության սկզբունքը:
• Եվ վերջապես ըստ Վարդան Արամյանի՝ ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետներն այն խավը չեն, որ պետք է սոցիալական հարցեր բարձրացնեն՝ նկատի ունենալով ՏՏ ոլորտի աշխատակիցների դժգոհությունը 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից: Հարգելի պարոն Արամյան, ՏՏ ոլորտը չի կարող ներկայանալ որպես «խավ»: Այն լավագույն դեպքում կարող է մաս կազմել դեռ սաղմնային վիճակում գտնվող, մեր տնտեսական իրականության մեջ մեծ դժվարություններով ոտքի կանգնել փորձող միջին խավին, որի առջեւ նույնպես ծառացած են սոցիալական տարաբնույթ խնդիրներ: Կայացած քաղաքական համակարգ ունեցող երկներում հասարակական տարբեր խավեր ունեն իրենց շահերը ներկայացնող ուժեր՝ անգամ խոշոր գործարարները, ովքեր իրենց առջեւ ծառացած խնդիրները արտահայտում են այդ կուսակցությունների միջոցով: Մենք գիտակցում ենք, որ մեր հայրենիքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այդ ուժերի ձեւավորման համար, ուստի մենք առայժմ ամեն բան անում ենք մեր այս բողոքը չքաղաքականացնելու համար, բայց խորհուրդ ենք տալիս խոսելուց առաջ լավ կշռադատել Ձեր մտքերը, նոր հրապարակել...
Հարագանքներով՝
ՏՏ ոլորտի աշխատակիցներ
Լեւոն Հարությունյան («Մենթոր Գրաֆիկս», ինժեներ)
Արմեն Մարության («Սինոփսիս Արմենիա», ինժեներ)
Դավիթ Ավագյան («Սինոփսիս Արմենիա», ինժեներ)
Հովհաննես Գրիգորյան («Քուեսթրեյդ», ինժեներ)»





























