Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գրանցվել է նույնասեռ զույգի առաջին ամուսնալուծությունը: Նրանք նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրենքի ընդունումից հետո միասին ապրել են ընդամենը մի քանի ամիս:

Նրանք թուլուզցի տղամարդիկ են, որոնց անունները չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրանք ամուսնացել ին 4 ամիս առաջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներ:

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը չի մեկնաբանել տվյալները, որ այս ամուսնալուծությունն առաջինն է նույնասեռ զույգերի շրջանում: Պաշտոնյաները նշում են, որ որեւէ հատուկ վիճակագրություն չի իրականացվում, որտեղ կերեւար ամուսնալուծվող զույգերի սեռական կողմնորոշումը:

ԼԳՏԲ համայնքի կազմակերպությունների մեկի ներկայացուցիչ Մաթյե Նոսենան հայտարարել է, որ սա իսկապես առաջին նման դեպքն է գեյ-համայնքում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են այս տարվա մայիսի 18-ին: Դրանից 11 օր անց Մոնպելյե քաղաքում տեղի է ունեցել առաջին նույնասեռ ամուսնությունը:

Ֆրանսիական Tetu թերթի փոխանցմամբ՝ Փարիզում օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ամուսնացել են 510 նույնասեռ զույգեր: Դա կազմում է գրանցվող ամուսնությունների 12 տոկոսը: