Եթե նկատողությունը ինչ-որ բան կփոխի, ես կողմ եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով իր հետ կապված միջադեպից հետո «Շտապօգնության» երեք աշխատակիցներին նկատողություն տալուն:

Նա շեշտեց, որ ինքը իր գործի մեջ ընդունում է բոլոր տեղին նկատողությունները, ամեն ինչ փորձում է անել պրոֆեսիոնալ եւ կատարյալ, եթե սկսի իր գործի մեջ թերանալ, ավելի լավ է մասնագիտությունս փոխի:

«Ես չեմ ուզում, որ ոչ մի անհատի նկատողություն արվի, եթե իրենից չի կախված, առհասարակ ես անհատներից եւ մասնագետներից չեմ դժգոհ եղել, ես դժգոհ եմ եղել պայմաններից՝ ոչ քաղաքակիրթ, ոչ հարմարավետ եւ ոչ հոգատար պայմաններ ստեղծելուց: Եթե ինչ-որ մեկին հեռացրել են «Շտապօգնությունից, ինձ թվում է՝ դա հարցի լուծում չէ, դա մասնակի լուծում է, ես կուզեմ, որ վերահսկողությունը ուժեղանա, պայմանները բարեկեցիկ լինեն, ավելի քաղաքակիրթ եւ զարգացած»,- ասաց նա:

Սոս Ջանիբեկյանի փոխանցմամբ՝  անհատներով հարց չի լուծվում, հարցը համակարգի մեջ է, ինքը բարձրաձայնել էր համակարգի խնդիրը, որ բարձր օղակները վերանայեն իրենց պայմանները, վերահսկողությունը, «ոչ թե անհատին հեռացնելով ինչ-որ հարց լուծեն, որ  ես էլ դրանից հետո ինձ վատ զգամ, խիղճս տանջի, որ ինչ-որ մեկին զրկեցի օրվա հացից կամ գործից»:

Դերասանը նշեց, որ բուժքրոջ խոսքը, թե սավանը լվացած է եղել, պարզապես հետքերը չեն անցել, ընդհանրապես արդարացում չէ, մարդու առողջության հետ կապված ամեն ինչ պետք է ավելի ստերիլ եւ մաքուր լինի: «Եթե նկատողությամբ ինչ-որ բան կփոխվի, ուրեմն՝ խիղճս չի տանջում, դա լավ է նաեւ իրենց համար, որովհետեւ հնարավոր է հաջորդ անգամ իրենց երեխան, ընտանիքի որեւէ անդամը լինի իրենց մոտ, եւ վերահսկում լինի: Ես կողմ եմ համակարգի վերանայմանը, դա է լուծումը»,- ասաց Սոս Ջանիբեկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դերասան Սոս Ջանիբեկյանի մայրը՝ Աննա Աղասարյանն իր  ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր եւ բժիշկների միջեւ տեղի ունեցած երկխոսությունը: Բանն այն է, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Սոս Ջանիբեկյանը թունավորվել էր, կանչել էին «Շտապօգնություն», տեղափոխել հիվանդանոց, այնուհետեւ՝ մեկ այլ հիվանդանոց էին տեղափոխել: Մայրը դժգոհություն էր հայտնել, որ բժիշկը չի ներկայացրել, թե ինչ դեղորայք է ներարկել իր որդուն, որ նրան անձեռոցիկի ավարտվելու պատճառով զուգարանի թուղթ են տվել, իսկ «Շտապօգնությունում» կեղտոտ վերմակ են գցել վրան:  Դրանից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հանդիպել է «Շտապօգնության» 2-րդ ենթակայանի աշխատակիցների հետ, զրուցել են եւ նրանք եւս ներկայացրել են, թե ինչ է եղել: Արդյունքում «Շտապօգնության» 2-րդ ենթակայանի վարիչը, ավագ քույրը եւ բուժքույրը խիստ նկատողություն են ստացել: