Այսօր՝ հոկտեմբերի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների եւ կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցի տարածքի գնահատում եւ իրագործելիության ուսումնասիրություն» թեմայով աշխատանքային հանդիպում:
Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
Հիմնական նպատակն էր համախմբել թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման եւ վերականգնման հետ առնչվող ծրագրերում ներգրավված շահառու կողմերին:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը հիմնվել է 1970-ական թվականներին՝ որպես կայուն օրգանական աղտոտիչների թափոնների կուտակման վայր եւ գտնվում է սողանքային գոտում: ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ այն վերանորոգելու համար, սակայն տարածքը շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի եւ մարդկային առողջության համար:
Բացման խոսքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց.
«Հաշվի առնելով շրջակա միջավայրի եւ անվտանգության խնդիրների փոխկապակցվածությունը՝ ԵԱՀԿ-ն շրջակա միջավայրի պաշտպանության սպառնալիքների կանխարգելման ոլորտում իրականացրել է մի կարեւոր ծրագիր: Դրա շրջանակներում հավաքվել են մանրամասն տվյալներ՝ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի եւ բաղադրության մասին, ինչը թույլ է տվել ճշգրիտ գնահատական տալ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ»:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր ելույթում մասնավորապես ասաց.
«2011 թ. ԵԱՀԿ-ն եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով համագործակցել խնդրին երկարաժամկետ լուծումներ տալու ուղղությամբ: Այժմ, երբ ԵԱՀԿ նախաձեռնությամբ գերեզմանոցի գնահատման ուսումնասիրությունն ավարտված է, մենք ունենք փորձագիտական տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան Նուբարաշենի թունաքիմիկատների տարածքի վերականգնման հետագա գործողությունների համար: Մենք առաջարկել ենք խնդրի լուծման փուլային տարբերակը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ին, ինչպես նաեւ բոլոր միջազգային ու հասարակական կազմակերպություններին, որոնք այս ընթացքում եղել են մեր կողքին»:
Հանդիպմանը ներկայացվեցին ԵԱՀԿ աջակցությամբ երկու տարվա ընթացքում իրականացվող ծրագրի արդյունքները՝ Երեւանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի գերեզմանոցում ժամկետանց պեստիցիդների եւ կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը:
Քննարկմանը ներկա էին ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերը՝ տարբեր պետական մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման եւ վերականգնման հնարավոր սցենարները ներկայացրեց նիդեռլանդական «Թաուվ» (Tauw) ընկերության ներկայացուցիչ Բուդվին Ֆոկեն: Կազմակերպությունն իրականացրել է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, ինչպես նաեւ բնապահպանական եւ առողջապահական ռիսկերի գնահատում:
Ծրագիրն իրականացրել են ՀՀ ԱԻ նախարարությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ:





























