«Ամերիաբանկը» սկսել է համատեղ ֆակտորինգային գործարքներ իրականացնել Ֆրանսիայի երկրորդ խոշոր բանկի՝ BNP Paribas-ի հետ: Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է բանկի՝ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Նրա խոսքով, 2013թ. երրորդ եռամսյակում ընկերության ֆակտորինգային պորտֆելը կազմել է մոտ 6,5 մլն դոլար: «Դա մոտ 77 տոկոսով ավելին է, քան 2012 թ. նույն ժամանակահատվածում»,- ընդգծել է Սահակյանը: Նրա խոսքով, բանկը մի շարք գործիքներ է կիրառել ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ ֆակտորինգի հետ կապված բեռների փոխադրումը հսկելիս:

«Այս տարի մենք միացել ենք Factors' Chain International ֆակտորինգային միությանը եւ արդեն մի քանի գործարքներ ենք արել հայ արտահանողների համար, ընդ որում՝ մեր լավագույն գործընկերը դարձել է BNP Paribas-ի դուստր ֆակտորինգային միավորը: Մեզ հետ ֆակտորինգը 100 տոկոս հուսալի է, ձեւակերպելով ինվոյսը՝ արտահանողը կարող է միանգամից ստանալ գումարը, հանած մեր ռիսկերի դիսքոնտները»,- նշել է Սահակյանը:

Նրա խոսքով, ֆակտորինգի մեխանիզմով հետաքրքրվում են նաեւ արտահանողներ Ռուսաստանից: «Հիմնականում հայկական ընկերություններ են, որ աշխատում են ռուսաստանյան ցանցային ռիթեյլի հետ, եւ նրանց թիվն աճում է»,- ամփոփել է Սահակյանը: