Վերջին երեք տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Քեղարքունիքի մարզում կայացած կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մարզի առաջին եւ ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ արտագնա աշխատանքները մարզում ավանդական բնույթ են կրում: Հստակ կան Ռուսաստանի Դաշնությունում մարզեր, քաղաքներ, որտեղ կազմակերպված ձեւով ամեն տարի մարզի բնակիչները մեկնում են սեզոնային աշխատանքի եւ վերադառնում: Այս երեք տարվա առանձնահատկությունն այն է, որ հետճգնաժամային տարիներին Ռուսաստանում տնտեսական վիճակը բարելավվել է, եւ բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ավելացել են այդ տարիների ընթացքում: Հիշում եք, որ 2008-2009 թթ. մարզում արձանագրվել էր եկամուտների կտրուկ անկում, ավելին, շատ արտագնա աշխատանքի մեկնողներ այդ տարիներին չէին մեկնել աշխատանքի, եւ դա իր ազդեցությունն էր թողել մարզի վրա: Այս երեք տարվա ընթացքում սա մարզային զարգացումների առանձնահատկություններից էր»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս մարզում ներկայումս կարեւորագույն խնդիր են խմելու ջուրը, մանկապարտեզները եւ առողջապահական ծառայությունների հասանելիությունը: «Միեւնույն ժամանակ աշխատատեղերի առումով գոյություն ունի կառուցվածքային խնդիր. այն թափուր աշխատատեղերը, որ մենք ունենք մարզում, չեն համալրվում, աշխատատեղերի հիմնական պահանջարկը բանվորական աշխատանքն է: Շուրջ 1400 այդպիսի հայտ ունի մեր սոցիալական ծառայությունը, որ մարդիկ ուղղակի պատրաստ են բանվորական աշխատանքով զբաղվել: Այդ առումով ես այսօր արդեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ, որպեսզի մենք ըստ մարզերի քննարկենք կառուցվածքային այս խնդիրները, որովհետեւ տեղյակ եք, որ նույն Դիլիջանում մենք ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ եւ նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանք իրականացնեն այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ եւ պետք է կարողանանք այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել եւ ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել: Այստեղ խնդիրը նույնպես վերաբերում է մեր նոր ակտիվ սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրին. մասնավորապես, եթե մենք ապահովեինք այդ աշխատողներին կեցավայրով, սնունդով, ապա նրանք կհամաձայնեին տեղափոխվել Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ եւ այդ սեզոնային աշխատանքներն իրականացնել: Դա նշանակում է, որ այդ սոցիալական ակտիվ ծրագրերն այսօր պահանջված են եւ կարող ենք այդտեղ բավական լուրջ արդյունքներ ստանալ»,-հայտարարել է վարչապետը:
Նա նշել է, որ կառավարության առջեւ մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես` Վարդենիս քաղաքի եւ այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք: ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարները հանձնարարություն են ստացել մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել, թե ինչ որոշումներ է պետք ընդունել, որպեսզի մարզերում լուծվի մասնագետների պակասի հարցը:





























