Վարդենիսի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, դիմել են Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ 2011թ. սերմերի մատակարարման ծրագրի առնչությամբ. նրանք մինչեւ այժմ չեն  հատուցել այն ծախսը, որ պետությունն իրականացրել է` սերմեր տրամադրելով:

Հիմնական պատճառաբանությունն այն է, որ իրենց ոչ թե սերմ են տրամադրել, այլ ցորեն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ծառայողական քննություն կատարել եւ պարզել խնդիրը:

«Հիմնական խնդիրները, որոնցով մեզ դիմում են, սոցիալական խնդիրներ են», - նշել է վարչապետն ու հավելել. «Պետք է խնդրենք մարզպետին, որպեսզի այսուհետեւ մեր քաղաքացիներին ուղղորդեն ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակ, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց մտահոգող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Մասնավորապես, մարդիկ դիմում են թոշակի, սոցիալական նպաստի հարցերով, ֆինանսական օգնություն իրենց հասնում է, թե՝ ոչ: Ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակը, որն այսօր մենք բացեցինք Վարդենիսում, հենց այդ նպատակն է հետապնդում՝ սպառիչ պատասխան տալ քաղաքացիներին: Այդ գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը հենց այն է լինելու, որ մարդուն չեն ուղարկելու գրասենյակից գրասենյակ, այլ իր ընտանիքին վերաբերող սոցիալական բոլոր խնդիրները համալիր ձեւով պետք է քննարկեն եւ սպառիչ պատասխան տան:

Այսօր ինձ մոտեցել էր մի քաղաքացի եւ ասում էր, որ իր թոշակը, իր կնոջ թոշակը չեն բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի պահանջները: Դա նշանակում է, որ նա պետք է հայտնվի սոցիալական օժանդակություն ստացող ընտանիքների ցուցակում, բայց նա այնտեղ չի հայտնվել, որովհետեւ իր հետ գրանցված են իր երեխաները, որոնք աշխատանք ունեն եւ այլն: Հիմա արդեն ինտեգրված սոցիալական ծառայությունը կարող է բոլոր հարցերը միասնական դիտարկել, քննարկել այդ մարդու ռեալ իրավիճակը, ռեալ պրոբլեմները, առանց տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ պահանջելու ցույց տալ՝ արդյոք այդ ընտանիքը մեր կողմից սահմանված սոցիալական բալերի առումով հայտնվու՞մ է սոցիալական խոցելի խավերի մեջ եւ ստանալո՞ւ է օժանդակություն: Նման օրինակները, նման դիմումները շատ են»: