Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է 228 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, որը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է «Վեդի», «Մասիս», «Խոյ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» եւ «Թալին» ընկերություններին:

Արարատի եւ Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ: Միջոցառման արդյունքում կբարելավվի Արարատյան ջրավազանի բնապահպանական վիճակը:

Փոփոխություններ եւ լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը նպատակ ունի անտառները զերծ պահել հրդեհի վտանգից, ապահովել անտառային տարածքներով ու անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցերի անխափան աշխատանքը` կրճատելով բազմաթիվ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները:

Տեսչական բարեփոխման ծրագրով իրականացվող գործընթացների համատեքստում կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է գնահատել նոր կառուցվող եւ վերակառուցվող էներգատեղակայանքների  ռիսկայնությունը, հնարավորինս կրճատել դրանց գործարկման եզրակացության տրման ժամկետն ու ներկայացվող փաստաթղթերի թվաքանակը: