Յուրահատուկ միջոց Կանաչ մայրցամաքում ոչ սթափ վիճակում ղեկին նստողների դեմ: Վարորդները, ովքեր մեկ անգամ չէ, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալվում են, պետք է ամեն անգամ մեքենան գործի գցելուց առաջ շնչեն մեքենայի փականի վրա, պատմում է Sydney Morning Herald-ը:

«Ալկոփականը» էլեկտրական սարք է, որը միացած է մեքենայի շարժիչին: Եթե վարորդը թեկուզ շատ քիչ, բայց խմել է, մեքենան տեղից չի շարժվի: Ավստրալիայի տրանսպորտի նախարար Դունկան Գեյը հայտարարել է, որ նոր փականները պարտադիր կլինեն երդվյալ իրավախախտների համար: Համապատասխան օրենքը կընդունեն հաջորդ տարի, հաղորդում է Russia Today-ը:

Տրանսպորտի նախարարի ու փորձագետների խոսքով՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ միջոցի կիրառումը հաջորդ 5 տարում կկանխի 140 վթար, վեց մահ ու 102 վնասվածք: Ընդհանուր առմամբ սպասվում է, որ ոչ սթափ վիճակում երթեւեկության հետ կապված խախտումները կկրճատվեն տարեկան 500 դեպքով: