Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հանդիպումները կարող են վերսկսվել: Այս մասին Vesti.Az-ին հայտնել է միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը:
«Այժմ ես խնդիր ունեմ մի մեխանիզմ գտնել, որի օգնությամբ կհաջողվի վերսկսել երկու կողմի մտավորականության հանդիպումները: Հուսով եմ, որ շուտով տեղի կունենա երկու պետությունների ղեկավարների հանդիպումը, եւ նրանք կվերադառնան այդ հիմնախնդրի քննարկմանը: Ըստ էության՝ նախագահների հանդիպումից հետո կամ առաջ հնարավոր է անցկացնել երկու երկրների մտավորականության հանդիպում: Սակայն ես շատ կցանկանայի, որ այդ հանդիպումը արդյունավետ լիներ, այլ ոչ թե՝ ձեւական: Ընդ որում, այդ հանդիպման արդյունքը պետք է հավասար լինի երկու երկրների համար էլ: Կարեւոր է, որպեսզի կողմերից ոչ մեկն առավելություն չունենա», - նշել է Միխայիլ Շվիդկոյը:
Ինչ վերաբերում է բացասական արձագանքին, ապա, ըստ նրա, դրանից հնարավոր չէ զերծ մնալ: «Մեծ ցավ է կուտակվել՝ չհաշված վիրավորանքները եւ ընտանեկան ողբերգությունները: Երկար եւ դժվարին գործ է փախստականներին միմյանց նկատմամբ տածած ատելությունից ազատելը: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք հանդիպման գնացողներին կանվանեն «ազգի դավաճաններ»: Պետք է ապագայի մասին մտածել»: «Ցանկացած պատերազմ խաղաղությամբ է ավարտվում: Սակայն այն շատ երիտասարդների կյանքի հաշվին կլինի: Հայաստանն ու Ադրբեջանն այնքան երեխաներ չունեն, որ նրանց էլ զոհեն մարտի դաշտում», - ընդգծել է Շվիդկոյը:





























