Սահմանային անցակետերում նոր համաճարակային վիրուսների («Կորոնա» և  H7N9  գրիպի  A տեսակի նոր ենթատեսակը) թափանցումը կանխարգելող միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն դեռ չկա, քանի որ մեր երկրին համաճարակների վտանգ այս պահին չի սպառնում։ Այս մասին  նոյեմբերի 4-ին լրագողներին ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գրիպի ազգային համակարգող Լիանա Թորոսյանը՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունը կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ եւ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։

«H1N1-ի  ժամանակ ասում էին, թե ինչո՞ւ պետական սահմանի անցակետերում որևէ միջոցառումներ չեն արվում: Դա բացարձակապես իրեն չարդարացնող միջոցառում է: Ասեմ՝ ինչու. անհատը գալիս է, ինքը չգիտի, որ հիվանդ է, բայց կրում է այդ հարուցիչը: Գոյություն ունի հիվանդության գաղտնի շրջան: Ես կարող եմ գաղտնի շրջանում գալ, անցնել առանց որևէ խնդրի, բայց հետո մտնեմ տվյալ երկիրը, հիվանդանամ և ավելին՝ շրջապատս էլ հիվանդացնեմ: Թե տնտեսապես, թե մասնագիտորեն արդարացված չէ»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Ըստ նրա, ավելի նպատակահարմար է իրազեկման մակարդակը բարձրացնել։ Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորի, որ կանխարգելիչ միջոցառումների կարիք կա, ապա Առողջապահության նախարարությունը միջոցառումներ կձեռնարկի. «Մենք ունենք հեռակառավարվող ջերմացույցներ, որի միջոցով 2009թ. օդանավակայանում ջերմողներին էինք հայտնաբերում, անմիջապես հոսպիտալացնում և բուժումն ապահովում»։

Վիրուսի նոր տեսակները Եվրոպայի երկրներում դեռ չեն արձանագրվել, միայն Հարավային Ասիայում՝ H7N9  գրիպի  A տեսակի նոր ենթատեսակը, եւ Սաուդյան Արաբիայում՝ «Կորոնան», որը տարածվում է չղջիկների ու ուղտերի միջոցով։ Ռուսաստանում եւ Գերմանիայում առայժմ միայն կասկածելի դեպքեր կան, որոնք լաբորատոր հաստատման փուլում են։ «Դա վիրուս է, որն օդով է փոխանցվում, և որևէ երկիր ապահովագրված չէ, որ այդ հարուցիչը չի թափանցի»,- ասաց Լիանա Թորոսյանը։