Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ անդրադառնում է Երեւանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երեւանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երեւանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երեւանի քաղաքապետարանին «շնորհած» «Ժանգոտ կողպեք» մրցանակը սխալմամբ է տրվել քաղաքապետարանին, որովհետեւ իրենք ապացուցել են վերոնշյալ ՀԿ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում:

Կենտրոնն իր կայքում Հայտարարություն է տարածել այն մասին, որ նման փաստ չունեք եւ առաջարկել է քաղաքապետարանին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պարոն Մակարյանը բարձրաձայնում այդ մասին: Ես նույնպես միանում եմ այդ առաջարկին եւ  պահանջում   հրապարակային ծառայողական քննության անցկացում»: