Մաքսային միությունը հայկական տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է: Երկարատեւ բանակցություններն ու ուսումնասիրությունները, ըստ իս, հաջող ավարտվեցին, եւ մենք ՄՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորություն ստացանք: Ուկրաինական «Սեգոդնյա» թերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները որոշեցին մտնել Մաքսային միություն:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը հարց էր, որը լրջագույն ուսումնասիրում ու թեր եւ դեմ կողմերի ըմբռնում էր պահանջում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է եւ ներդրողը, իսկ հայկական արտադրանքը հիմնականում իրացվում է ռուսական շուկայում: Եվ ակնհայտ է, որ Եվրասիական տարածքից մեկուսացվածությունը կհանգեցնի մրցունակության կորստի, ավելին, կարող են որոշակի սահմանափակումներ ծագել մեր համագործակցության համար, ինչը կխանգարի ՀԱՊԿ-ում մեր ռազմավարական, գործընկերային հարաբերություններին: Հետխորհրդային տարածքի փոխհարաբերություններում հսկայական ներուժ է «սառեցված», եւ հայկական ձեռնարկությունները խիստ շահագրգռված են, որպեսզի ՄՄ շուկան մեզ համար առավելագույնս մատչելի լինի»,- նշել է Սարգսյանը:
Վարչապետը նաեւ հավելել է, որ ՄՄ երկրների հետ ինտեգրման առավել բարձր մակարդակը, այդ թվում՝ առեւտրային տեխնիկական խոչընդոտների հեռացումը, իհարկե, կխթանի Հայաստանի տնտեսական աճը: Սակայն կան նաեւ որոշակի ռիսկեր. ՄՄ-ում սակագները կրկնակի բարձր են, քան երրորդ երկրների հետ Հայաստանի մաքսատուրքերը: «Մենք որոշակի դժվարությունների կբախվենք: Բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հայաստանը շահում է Մաքսային միություն եւ Միացյալ տնտեսական տարածք մտնելով»:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը, ՄՄ նորմերից ելնելով, կարո՞ղ է սահմանափակումներ դնել ուկրաինական արտադրանքի վրա, Սարգսյանը նշել է, որ Հայաստանը երրորդ երկրների ապրանքների համար խոչընդոտներ ստեղծելու խնդիր եւ նպատակ չունի:
«Մաքսային միությունում եւ Միացյալ տնտեսական տարածքում իրոք գործում են միատեսակ մաքսատուրքեր, միատեսակ կանոններ, որոնք ապահովում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ազատ շրջանառությունը: Հայաստանը՝ որպես ՄՄ-ն եւ ՄՏՏ անդամակցության թեկնածու, օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իմպլեմենտացիայի ծրագիր է մշակում:
ՄՄ մտնելուց հետո մենք լիիրավ անդամ կդառնանք եւ կգործենք ՄՄ երկրների ընդհանուր շահերից ելնելով»:




























