«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք են առաջադրել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (hանցագործության մասին սուտ մատնություն)։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը։
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել: Ոստիկանությունն իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Արգիշտի Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն, քննությունը կատարվում է այնտեղ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























