Գերմանիայում Հայաստանի դեսպանի նշանակման գործընթացը հրապարակային քննարկման ենթակա չէ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ագրեմանի մասով քննարկումներ կան:
«Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ, ոչ թե որեւէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, թե քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը: «ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վահանն անցնում էր «31»-ի գործով, եւ գերմանացիք ուսումնասիրում են գործի բոլոր հատորները, որից հետո հաստատապես կգա դրական պատասխան, գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթներով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում «ընդունված» ու «հասկանալի» պրակտիկա է՝ տեղեկացրեց մեր զրուցակիցը»,- նշել էր թերթը:





























