Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին կառավարությունում, Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցը մեր երկիր կխթանի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդմանը: «Վերջին շրջանում մեր երկկողմ ծրագրերը նոր թափ են ստանում: Հայաստանը շահագրգռված է Քուվեյթի հետ փոխգործակցության ընդլայնման եւ վերամշակող ձեռնարկությունների ստեղծման ու ներդրումային այլ ծրագրերի իրականացման գործում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Իր հերթին, Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները եւ նշել, որ իր երկիրը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ կապերի սերտացումը եւ պատրաստակամ է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցության զարգացմանը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է «Բաց երկնքի» քաղաքականությանը: Այդ համատեքստում վարչապետն Էլ-Քուվեյթի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի եւ Քուվեյթի ավիացիոն բնագավառների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում էլ քննարկվելու է վերը նշված հարցը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին եւ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:





























