Զայրացած ամբոխը ձվեր է նետել Ջակարտայում Ավստրալիայի դեսպանատան վրա՝ ի նշան Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի դեմ բողոքի, որը հրաժարվել էր Ինդոնեզիայից ներողություն խնդրել հեռախոսների գաղտնալսման շուրջ ծագած  սկանդալի կապակցությամբ:

1,6 հազարից ավելի ոստիկաններ ներգրավվել են Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների, ինչպես նաեւ հարձակման հնարավոր մյուս օբյեկտների պաշտպանության համար` բողոքի ցույցին «Իսլամի պաշտպանների ճակատ» ծայրահեղական խմբավորման միանալուց առաջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ցույցի  «Կարմիր-սպիտակ կոմանդոս» խմբավորման մասնակիցները այրել են Էբոտի լուսանկարները, կոչ արել պատերազմ սկսել Ավստրալիայի դեմ եւ պահանջել Ինդոնեզիայից արտաքսել ավստրալացի դեսպան Գրեգ Մորիատիին: 

Իր հերթին Ինդոնեզիայի հետախուզական ծառայության նախկին պետ Աբդուլա Մահմուդ Գենդրոպրիյոնոն Ավստրալիային կոչ է արել ներողություն խնդրել Ինդոնեզիայից` սկանդալին վերջ դնելու նպատակով: «Պարզապես ներողություն խնդրեք», - ուրբաթ օրը ABC-ի եթերում ասել է նա: