Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունն արձագանքել է Երեւանի հազարավոր ծառերի դաժանաբար սղոցումների եւ մասնագիտական դիլետանտության փաստերին՝ նշելով, որ կատարված բոլոր էտումները` դա անվանելով նորմալ աճի համար ագրոտեխնիկական միջոցառում: Վկայակոչվել են նաեւ իբր Բուսաբանական ինստիտուտի, Բնապահպանական հանձնաժողովի եւ բազմաթիվ այլ մասնագետների կարծիքը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ սույնով Երեւանի քաղաքապետարանը վերահաստատում է իր բնապահպանական դիլետանտությունը` հաշվի առնելով հետեւյալ փաստերը.
«1. Նույն Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովում նշված եւ այլ մասնագետներ բազմիցս մանրամասն ելույթ են ունեցել նման կերպով էտումներ կատարելու անթույլատրելիության մասին: Հայտնի է նաեւ, որ քաղաքապետարանն արհամարհում է այդ կարծիքները, ինչի պատճառով էլ առկա է ներկայիս պատկերը: Բացի հանձնաժողովի անդամների նշված գրավոր կարծիքներից, ծանոթացեք նաեւ Հ.Հակոբյան փողոցի դեպքի մասին ծառագետի կարծիքին հետեւյալ տեսանյութում.
2. Բացի այդ, մասնագետները կարծիք են հայտնում, որ կանաչ տարածքների պահպանման համար հատկացվող գումարը թեեւ ավելացվում է, բայց այդ գումարի զգալի մասը օգտագործվում է «կանաչ տարածքների վերացման» համար, քանի որ զանգվածային կերպով կատարվում էին ծառերի խորը էտումներ: Շատ երկրներում ներկայումս ընդհանրապես հրաժարվել էն խորը էտումներից: Երեւանի պայմաններում այն կարող է անցկացնել միայն սանիտարական նպատակներով եւ հնարավորինս սահմանափակ մասշտաբներով (այդ հարցով բազմիցս դիմել են բուսաբանները): Այս հարցերն արհամարհվում են քաղաքապետարանի կողմից եւ բյուջեի միջոցները անհայտ նպատակներով են օգտագործվում:
3. Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մինչեւ դեկտեմբերի 2-ը Երեւանի 2014 թ. բյուջեի մասին հանրային քննարկումներ կազմակերպելու մասին:
Հայտարարում ենք, որ բյուջեի մասին այդ բաց հանրային քննարկումները ֆիկցիա են, քանի դեռ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է մանրամակրկիտ տեղեկատվություն տրամադրել, թե 2013 թ. ինչի վրա են ծախսվել համայնքային «Կանաչապատում» ՓԲԸ եւ մյուս կազմակերպություններին տրամադրված գումարները:
Այստեղ կոնկրետ բնապահպանական ոլորտում ի ցույց են դրվում Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական դիլետանտությունն ու ֆինանսական ոչ թափանցիկ հանրային գումարների ծախսը հանրությունից թաքցնելու հանցավոր գործելաոճը»,- ասվում է հայտարարության մեջ:




























