Վորլդ Վիժն Հայաստանը,  «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը,  միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին, կազմակերպել են կլոր-սեղան քննարկում, որը տեղի է ունեցել Երեւանում՝ նոյեմբերի 22-ին: Կազմակերպիչները հայտարարել են Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության շաբաթվա մեկնարկի եւ միջոցառումների մասին:

Մասնակիցները քննարկել են հետեւյալ թեմաները՝

• ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակը Հայաստանում

• ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության հնարավորությունները Հայաստանում

• ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության շաբաթվա նպատակը

• ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության շաբաթվա միջոցառումների շարքը Հայաստանում:

«Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մաս է կազմում նաեւ Հայաստանը, ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը սրընթաց աճում է, այնինչ մյուս երկրներում տեղի է ունենում ՄԻԱՎ-ի դեպքերի նվազում: Սա պայմանավորված է նրանով, որ  ՄԻԱՎ վարակը այդ երկրներում վաղ փուլերում է հայտնաբերվում: «ՀՀ ԱՆ ՁԿՀԿ-ի տվյալներով՝ 2012 թ.-ի դրությամբ մեր երկրում ՄԻԱՎ վարակի ախտորոշված բոլոր դեպքերի 51 %-ը ախտորոշվել է հիվանդության ուշ փուլերում, երբ մարդն արդեն ունի հակառետրովիրուսային բուժման կարիք »,- նշեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հիմնադիր Հովհաննես Մադոյանը:

«Եթե ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունը որակյալ տրամադրվի, մարդը չի հրաժարվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելուց»,- ամփոփեց ՀՀ ԱՆ ՁԿՀԿ-ի տնօերեն Սամվել Գրիգորյանը՝ կոչ անելով ոլորտում գործող կազմակերպություններին միավորվել եւ ակտիվորեն ներգրավվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների շաբաթվա միջոցառումներին:

Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, Ռոբերտ Կառռի հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում եւ Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ,   «Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպության եւ այլ գործընկերների աջակցությամբ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ծրագիրը նպատակ ունի նվազեցնել միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը, ծրագիրը իրականացվում է 2012-2014 թ., 1 մլն 217 հազար 951 եվրո ֆինանսավորմամբ: